Իսրայելի իրավապահները ձերբակալել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի քրոջը։ Պետական Kan-ը հայտնել է, որ նա ապրում է Իսրայելում և կասկածվում է ՀԱՄԱՍ-ի հետ կապ ունենալու մեջ։
Լրատվամիջոցին անվտանգության աղբյուրները հաստատում են, որ ձերբակալված կինը՝ 57-ամյա Սաբահ Աբդ ալ Սալամ Հանիյեն նրա քույրն է։
Իր հերթին, Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է Թել Շևայում միջոցառումների մասին, որի ժամանակ ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի ազգականը։ Ոստիկանությունը, սակայն, չի նշել բերման ենթարկվածի անունը։ «Հարավային շրջանի ոստիկանության և Գլխավոր անվտանգության ծառայության համատեղ հետաքննության շրջանակներում Թել-Շևայում ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամի ազգականը, որը կասկածվում է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ կապեր պահպանելու մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշել է ոստիկանությունը, խուզարկության ընթացքում «անվտանգության ուժերը կասկածյալի տանը հայտնաբերել են փաստաթղթեր, նյութեր, հեռախոսներ, այլ գտածոներ և ապացույցներ, որոնք կապում են նրան Իսրայելի պետության անվտանգության դեմ ուղղված ծանր հանցագործությունների կատարման հետ»։