Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին և Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովին ուղարկում են դիվանագիտական ծառայություն՝ իրենց հետագա գործունեության մասին շահարկումներից խուսափելու համար։ Риа Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Մենք նախկինում խորհրդակցել ենք, որ որոշակի ընթացակարգով ենք գնալու, բայց որպեսզի վերացնենք այն շահարկումները, թե բարձր պաշտոն զբաղեցրած այս կամ այն անձը․․․ Ավելորդ տեղեկատվական շահարկումները վերացնելու համար քննարկվել է, հարցրել ենք՝ դեմ չե՞ք, իսկ այս ամենից հետո իրավական գործընթացներ են, որոնք մի քիչ ժամանակ կխլեն»,- ասել է Պոդոլյակը համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։