«Մենք իսկապես երկար տարիներ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Բայց ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ հարաբերությունները ոչ մի կերպ ուղղված չեն Ադրբեջանի դեմ»։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ լրատվականին տված իր հայտարարության մեջ ասել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Խրիստոս Կապոդիստրիասը։
Պատասխանելով Հայաստանի հետ Հունաստանի հարաբերությունների մասին՝ դիվանագետը ուշադրություն է հրավիրել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վրա. «Դուք նույնպես սերտ հարաբերություններ ունեք Թուրքիայի հետ, և իհարկե մենք գիտենք, որ Հունաստանի դեմ չէ։ Այդ հարաբերությունները միջազգային հարաբերություններ են և բարդ բիզնես, բարդ համակարգ։ Ուստի բոլորիս համար շատ կարևոր է մտքերի փոխանակումն ու երկխոսությունը, և մենք շատ ուրախ ենք, որ դա անելու հնարավորություն ունեցանք»։