Հետևեք մեզ։

Իրավական գործընթացը սկսվել է, չես կարող գյուղերը չվերադարձնել․ ՔՊ-ական պատգամավորը՝ Ադրբեջանի հետ սահմանագծման մասին

14:04, 03 ապրիլ 2024
Իրավական գործընթացը սկսվել է, չես կարող գյուղերը չվերադարձնել․ ՔՊ-ական պատգամավորը՝ Ադրբեջանի հետ սահմանագծման մասին

Երևանը որևէ քարտեզ չի համաձայնեցնում Բաքվի հետ, կան միջազգայնորեն ճանաչված քարտեզ ու սահման։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

 

«Դա Ալմաթիի հռչակագրով հաստատված քարտեզն է, որևէ մեկի հետ մենք դա չպետք է համաձայնեցնենք», - ասել է Խաչատրյանը և հավելել, թե այս գործընթացը ռիսկային չէ, -«Ի լուր ամբողջ աշխարհին հայտարարում ենք, որ իրավական գործընթաց է սկսվել, որ այն համաձայն պետական սահմանների է իրականացվելու, ՀՀ-ն 4 գյուղը վերադարձնում է, նշանակում է՝ գործընթացը սկսված է»,-ասել է Խաչատրյանը և հավելել է, որ այնուամենայնիվ, Ալիևի հետ կապված վստահություն չկա, սակայն ընդգծել նաև՝ «Ալիևը էն ֆիգուրը չի, որ կարողանա էդքան դեմ գնա»։

 

Պատգամավորի խոսքով՝ ճանապարհների հարցերը լուծվելու են, ինչը ադրբեջանական է, տրվելու է նրանց, ինչը հայկական է, տալու են ՀՀ-ին։

 

«Այն, որ մեզ հարմար է, որ Ադրբեջանի տարածքը մերը լինի, այո, շատ հարմար է, որ 1000 հա էլ լիներ, լավ կլիներ, բայց շահագրգռվածությունն այն է, որ գործընթաց է սկսվել և դու չես կարող չվերադարձնել, կգա ժամանակը և կտեսնենք, որ իրենք կարողանում են, թե չեն կարողանում վերադարձնել», - հավելել է Արմեն Խաչատրյանը և հարցին՝ Ջերմուկից երբ են դուրս գալու ադրբեջանցիները, Խաչատրյանը նշեց՝ «երբ դելիմիտացիա անելով հասնեն Ջերմուկին»։