Հետևեք մեզ։

Հրապարակի շենքերի վրայի բաց անցքերը փակվել են, ամանորյա լուսավորության ծրագիրը հաջողությամբ ավարտվել է․ փոխքաղաքապետ

12:44, 11 ապրիլ 2023
Հրապարակի շենքերի վրայի բաց անցքերը փակվել են,  ամանորյա լուսավորության ծրագիրը հաջողությամբ ավարտվել է․ փոխքաղաքապետ
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ամանորյա լուսավորությունից հետո Հանրապետության Հրապարակում բացված անցքերին, նշելով, որ դրանք փակվել են, իսկ ծրագիրը՝ հաջողությամբ ավարտվել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․
 

«Երևանի քաղաքապետարանը այսօր ամփոփեց 2023 թվականի ամանորյա լուսավորության ծրագրի իրականացման աշխատանքները։ Ծրագրի իրականացմանը մասնակցած անձինք միայն գիտեն, թե դրա իրականացման ճանապարհին ինչքան խոչընդոտներ են հաղթահարվել և ի վերջո, թույլ տվեք ասել, ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Այս գնահատականը տալու առաջին հիմքը շատ երևանցիների արձագանքն է, որն անձամբ եմ լսել զարդերի փորձարկումներից սկսած և տոնական օրերի ընթացքում։ Գլխավորապես մեր երեխաների խինդը և լավ տրամադրությունն ապահովելուն թեկուզ փոքր մասնակցություն ունենալու գիտակցումը մեծ բավականություն է պատճառում, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ցավոք տխրելու և արտասվելու շատ առիթներ ենք ունեցել։


Գիտեք, որ ծրագրի իրականացումը որոշ հայրենակիցներ նաև քննադատեցին։ Քննադատության առիթները տարբեր էին, ոմանց պարզապես դուր չէր գալիս զարդարանքի ձևը, մյուսները տարակուսած էին այն հանգամանքից, որ զարդարման աշխատանքները կապակցվել էին որոշ շենքերի ներգործության հետ։ Վստահեցնում եմ, որ շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում նաև այս կարծիքներին և կարծում եմ, որ հետագայում ավելի պատշաճ պետք է կազմակերպենք նախնական հանրային իրազեկման աշխատանքները։ Առիթն օգտագործելով ուզում եմ հայտնել նաև, որ ամանորյա զարդերի ապամոնտաժումից հետո մասնավորապես Հանրապետության Հրապարակի շենքերի վրայի բաց անցքերը փակվել են, ինչը ի սկզբանե նախատեսված էր կապալառու կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կնքած պայմանագրով։

Այս թեմայի շուրջ նախկինում իրականացված լուսաբանմանը ծանոթ լինելով, կարծում եմ, որ ապագայում կրկին կարող են լինել մեր հանրությանը խեղաթյուրված իրականություն ներկայացնելու փորձեր։ Ինչպես նշել էի 2022 թվականի դեկտեմբերի 1-ի գրառմանս մեջ, Հանրապետության Հրապարակի շենքերը տարիներ ի վեր, տարբեր առիթներով, ենթարկվել են ներգործության, որոնց հետքերը վերացված չեն մինչ օրս և որոշ անձինք ջանք ու եռանդ չէին խնայում, որ այդ ամենը կապեն 2023 թվականի ամանորյա ծրագրի հետ և կարծում եմ՝ նման փորձեր կարող են կրկին լինել։

Բարձր գնահատելով բոլոր անձանց անկեղծ հոգատարությունը մեր ճարտարապետության կոթողների նկատմամբ, այս թեման միտումնավոր խեղաթյուրելու ցանկություն ունեցողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, քանզի այս անգամ ստիպված կլինեք բոլոր պնդումներն ապացուցել օրենքով սահմանված կարգով։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ծրագրի իրականացմանը մասնակցած բոլոր անձանց»։