ՆԱՏՕ-ն չի քննարկում իր ռազմական ներկայությունը Ուկրաինայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ապրիլի 3-ին Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը:
«Այսօրվա մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես ապագայում ավելի ամուր հիմքերի վրա դնենք մեր օգնությունը: Բոլոր դաշնակիցները համաձայնեցին, որ պետք է առաջ շարժվենք ՆԱՏՕ-ի դերի ուժեղացումը ծրագրելու և անվտանգության ոլորտում աջակցության համակարգման ուղղությամբ: Ուկրաինային բազմամյա աջակցության ծրագրի քննարկումը չի նախատեսում դաշինքի ռազմական ներկայությունը նրա տարածքում: Մենք չենք քննարկում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Ուկրաինայում, այլ այն, թե ինչպես կարող ենք համակարգել և արտաքին օգնություն հասցնել այդ երկիր: ՆԱՏՕ-ն չի հանդիսանում և երբեք չի լինի Ուկրաինայում ընթացող հակամարտության մասնակից»,- Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ստոլթենբերգը:
ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները ապրիլի 3-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել ուսումնասիրել Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում դաշինքի դերի ուժեղացման գաղափարը:
Ստոլթենբերգը նշել է նաև, որ ներկայումս ՆԱՏՕ-ն ֆինանսավորում է Կիևին տրամադրվող ռազմական օգնության 99%-ը: Նա գտնում է, որ դաշինքը պետք է փոխի իր աջակցության դինամիկան՝ ապահովելով երկարաժամկետ հեռանկարում հուսալի և կանխատեսելի աջակցության ցուցաբերումն Ուկրաինային: