Հետևեք մեզ։

Աննա Հակոբյանը քննարկել է «Ճախրուկ» սրճատանը աջակցելու հնարավորությունը, հանդիպմանը մասնակցել է «Ճախրուկների» բարեկամ Աննա Վարդապետյանը

11:04, 04 ապրիլ 2024
Աննա Հակոբյանը քննարկել է «Ճախրուկ» սրճատանը աջակցելու հնարավորությունը, հանդիպմանը մասնակցել է «Ճախրուկների» բարեկամ Աննա Վարդապետյանը

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը 2024 թվականի ապրիլի 1-ին ընդունել է «Ճախրուկ» հասարակական կազմակերպության հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյաններին, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանին:


Նշենք, որ Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործում է «Ճախրուկ» մշակութային կենտրոնը, «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որտեղ նվագում և երգում են մանկատան՝ հատուկ կարիքներ ունեցող սաները։


Հանդիպմանը մասնակցել է նաև «Ճախրուկների» բարեկամ, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:


«Ճախրուկ» հասարակական կազմակերպության հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյանները ներկայացրել են իրենց նոր սոցիալական նախաձեռնությունը՝ ուղղված «Ճախրուկ» սրճատուն կառուցելուն:


Անահիտ Մխիթարյանի խոսքով՝ Սրճատանն, ի թիվս այլոց, աշխատելու են ֆիզիկական և մտավոր առանձնահատկություններով անձինք՝ մասնագիտացված մանկատներից և ընտանիքներից, ծնողներ, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներ, այլք։ Սրճատունը կունենա նաև արվեստանոց, որտեղ կկազմակերպվեն մշակութային երեկոներ, ցուցահանդեսներ:


Հասարակական կազմակերպության հիմնադիրների խոսքով՝ «Ճախրուկ» սրճատունը կամուրջ կդառնա հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության միջև, կնպաստի հատուկ կարիքներ ունեցող անձանց վերասոցիալականացմանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նախաձեռնությունն իրագործելու և «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախաձեռնությանն աջակցելու հնարավորությունները: