Հետևեք մեզ։

Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. նպատակն է վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային․ Լեմկինի ինստիտուտ

12:36, 04 ապրիլ 2024
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. նպատակն է վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային․ Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հերթական անգամ հայտարարել է կարմիր դրոշի ահազանգ՝ ամենաբարձր նախազգուշացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները Հայաստանից, հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա։

«Նախկինում մենք բազմաթիվ կարմիր դրոշի և SOS ահազանգեր ենք տարածել 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար: Այժմ, ինչպես և ենթադրվում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանության վտանգը տարածվել է նաև բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանը, կարծես, վարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Բաքուն ձգտում է վերահսկողություն հաստատել 8 գյուղի նկատմամբ, որոնք, Ադրբեջանի պնդմամբ, գտնվում են «հայկական օկուպացիայի» տակ:

«Ադրբեջանի նպատակն է ամբողջապես վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային... Հավակնելով վերահսկել Հայաստանի ռազմավարական կետերը, Ադրբեջանը, կարծես թե, իր քաղաքականությունը մոդելավորում է Պաղեստինում իսրայելական բնակավայրերի ստեղծման օրինակի վրա: Հայաստանին սպառնացող վտանգը դարձել է հրատապ՝ պահանջելով միջազգային հանրության անհապաղ և համակարգված ուշադրությունը։ Հրատապ գործողությունները հրամայական են՝ թույլ չտալու համար տարածքային օկուպացիայի և ցեղասպանության հերթական դեպքը, որը նման է ընդամենը վեց ամիս առաջ Արցախում տեղի ունեցածին», - նշվում է հրապարակման մեջ: