Հետևեք մեզ։

Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ ՀՀ սուվերեն տարածքը օկուպացվել է 2022-ի սեպտեմբերին․ Վահան Կոստանյան

13:10, 04 ապրիլ 2024
Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ ՀՀ սուվերեն տարածքը օկուպացվել է 2022-ի սեպտեմբերին․ Վահան Կոստանյան

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպանատան երեկվա հայտարարությանը, որում ռուսական կողմն առաջարկել էր երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները կարգավորել քննարկումների միջոցով։


Փոխնախարարը նշել է՝ դիվանագետները, որպես կանոն, խոսում են բոլոր գործընկերների հետ. 


«Բայց շատ կարևոր է միջավայրը, որ պետք է ստեղծված լինի՝ խոսելու տարբեր թեմաների շուրջ։ Իսկ ՌԴ և ՌԴ ԱԳՆ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները բնավ որևէ կերպ չեն նպաստում այդպիսի մթնոլորտի ձևավորմանը»։


Հարցին՝ պատրա՞ստ է Հայաստանը նման երկխոսության, Կոստանյանը նշել է․ «Մենք բարձրաձայնել ենք այն խնդիրները, որ տեսնում ենք ՀՀ-ՌԴ հարաբերությունների օրակարգում, կարծում ենք՝ կարելի է ակնկալել, որ դե-յուրե մեր դաշնակից պետությունը դրանց կարձագանքի, կարձագանքի ոչ միայն խոսքերով, այլև՝ քայլերով, չի կատարի քայլեր, չի անի հայտարարություններ, որոնք վնասում են, ինչպես իրենք են պնդում, իրենց դաշնակցի կենսական շահերին»։


Հարցին՝ պետք է հայտարարեն, որ ակնկալում են, որ ՌԴ-ն հայտարարի՝ Ադրբեջանն օկուպացրել է հայկական տարածքները, Կոստանյանը պատասխանել է․ «Մեր պահանջները հայտնի են։ Այս պահին կրկնելու կարիք չկա»։


Անդրադառնալով ՀՀ սահմանների վերաբերյալ ՀԱՊԿ-ի հայտարարությանը՝ Կոստանյանը նշել է․ «ՀՀ սահմանները շատ պարզ են, և պարզ են բոլորի համար, ըստ էության, ՀԱՊԿ քարտուղարության կողմից արված հայտարարությունը․․․ մեր դիրքորոշումը չի փոխվել և ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ ՀՀ սուվերեն տարածքները օկուպացվել են 2022 թվականի սեպտեմբերին»։