Հետևեք մեզ։

Հորս ձերբակալությունից հետո ԲՏԱ նախարարությունից ինձ առաջարկել են ազատման դիմում գրել. Արամ Սարգսյան

14:22, 04 ապրիլ 2024
Հորս ձերբակալությունից հետո ԲՏԱ նախարարությունից ինձ առաջարկել են ազատման դիմում գրել. Արամ Սարգսյան

ԲՏԱՆ աշխատակից, լրագրող Արամ Սարգսյանը, ում հայրը՝ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու կասկածանքով, հայտարարություն է արել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Սիրելի ընկերներ, հարգելի գործընկերներ,
սույնով տեղեկացնում եմ, որ ս.թ. ապրիլի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։ Մարտի 13-ի հայտնի դեպքերից` հորս` Գագիկ Սարգսյան-ի ձերբակալությունից և Ֆեյսբուքում իմ կողմից արված գրառումից հետո, որում գործող իշխանություններին իրենց բռնի գործողությունների համար անվանել էի իբր թե ժողովրդավարական, ինձ առաջարկել են գրել ազատման դիմում` հասկացնելով, որ ստիպված են խզել ինձ հետ աշխատանքային հարաբերությունները։ Սա չեմ գրում որպես մեղադրանք, ու երևի թե իմաստ էլ չկա քննարկելու` ճիշտ էր գրելը, թե ոչ, իրավունք ունեին, թե ոչ։ Եղածը եղած է։ Էդ օրերին ես էնպիսի էմոցիոնալ ծանր վիճակում էի, որ դրա մասին մտածելու ժամանակ չունեի։ Համենայն դեպս, ես, որպես լրագրող, չէի կարող այդ ամենը տեսնելով` չբարձրաձայնել ու որևէ գնահատական չտալ կատարվածին։ Մի կողմից նաև ուրախ եմ, որ հիմա ունեմ խոսքի ազատություն ու կարող եմ ազատորեն իրերը կոչել իրենց անուններով։ 

 

Հիմա ամենակարևորը, հորս ազատությանը հասնելու հետ մեկտեղ, աշխատանքիս հարցը հնարավորինս արագ լուծելն է։ Մեծ հաճույքով ու գրելու անհագ ցանկությամբ ուզում եմ վերադառնալ ակտիվ լրագրություն։ Հուսով եմ, որ մասնագիտական որակներս չեմ կորցրել։ Այնպես որ, բաց եմ լավ առաջարկների համար։ Կաշխատեմ այն լրատվամիջոցում կամ կազմակերպությունում, որը ստիպված չէ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով` Արցախի փոխարեն գրելու «Լեռնային Ղարաբաղ»։

 

Սիրով`
Արամ Սարգսյան»։