«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը ապրիլի 3-ից անժամկետ նստացույց է իրականացնում թատրոնի փակ դռան առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, որպեսզի վերջիններս թատրոնին հնարավորություն տան շարունակել ստեղծագործական գործունեությունը՝ որպես անկախ թատրոն, սակայն՝ «Գոյ»-ի բեմում:
«Դիմում ենք նաև իրավապահ մարմիններին, դատարանին, որ մեր խախտված իրավունքները վերականգնվեն»,-թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում ասում է «Գոյ»-ի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:
2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը:
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Սարգիս Արզումանյանը դիմել էր թատերական գործիչներին՝ խնդրելով նրանց աջակցությունը: «Եթե կարծում եք, որ այս քաղաքին պետք է «Գոյ» թատրոնը, խնդրում եմ աջակցել մեզ: Համապատասխան փաստաթուղթ է կազմվել, պետք է այնտեղ ստորագրել, տալ համաձայնություն, որ «Գոյ» թատրոնը Երևանին անհրաժեշտ է որպես անկախ թատրոն: Այդ փաստաթուղթը կուղարկվի ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, որպեսզի նրանց կայացրած որոշման մեջ լրացումներ կատարվեն, կամ այլ մեխանիզմներ մշակվեն, և «Գոյ» թատրոնը դառնա անկախ թատրոն ու ստեղծագործի այն վայրում, որտեղ աշխատել է»,-նշել էր նա: