Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Լիոնի այգի:
Էրեբունի վարչական շրջանում 2011թ. բացված հանգստի գոտին մայրաքաղաքում Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշն է: Ի նշան երկու քաղաքների զարգացող ու ամրապնդվող ընկերության և բարեկամության՝ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն խորհրդանշական ծառեր են տնկել Լիոնի այգում:
«Այս ծառը խորհրդանշում է այն բարեկամությունը, որն ունեն Լիոնն ու Երևանը: Ծառը պետք է մեծանա և զարգանա, ինչը ևս մեկ վկայություն է, որ մեր բարեկամական կապերը կլինեն երկարատև, կզարգանան ու կընդլայնվեն»,- նշել է Գրեգորի Դուսեն:
«Սա մեր ընկերության խորհրդանիշն է. Երևանի ու Լիոնի միջև դեռևս 1990-ական թվականներից շատ կայացած համագործակցություն կա և, այո՛, ընկերություն բառն ավելի բնութագրիչ է այս հարաբերություններին: Սա նաև խոսում է հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին, որը գալիս է շատ վաղեմի ժամանակներից»,- նշել է Տիգրան Ավինյանը: