Հետևեք մեզ։

Ես չեմ իմացել՝ ինչ թղթի տակ եմ ստորագրում, պահի տար արված է, համարեք ստորագրությունս հետ կանչված․ Տիգրան Մանսուրյանը՝ «Գոյ» թատրոնի պահպանման ստորագրահավաքի մասին. «Հրապարակ»

14:57, 05 ապրիլ 2024
Ես չեմ իմացել՝ ինչ թղթի տակ եմ ստորագրում, պահի տար արված է, համարեք ստորագրությունս հետ կանչված․ Տիգրան Մանսուրյանը՝ «Գոյ» թատրոնի պահպանման ստորագրահավաքի մասին. «Հրապարակ»


Ես չեմ իմացել, թե այդ ինչ թղթի տակ եմ ստորագրում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրուցյում ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ անդրադառնալով «Գոյ» թատրոնը որպես մասնավոր թատրոն պահելու ստորագրահավաքին և իր կողմից այն ստորագրելուն։

 

«Զանգեր էի ստանում մի երիտասարդից՝ հանդիպման խնդրանքով։ Առիթը եղավ, եւ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, համերգից հետո, երբ իմ շուրջը լեցուն մարդիկ կային, ինձ մոտեցավ դերասան Սամվել Թոփալյանը, ասաց՝ «Գոյ» թատրոնի դերասան է։ Ուրախ ու լուսավոր գծերով ներկայացրեց իր խնդրանքը։ Ես տեսա, որ առանձնապես պահանջածը բան չէ։ Ներկայացրեց մի քանի էջանոց հագեցած գրություն, որը ես չուզեցի կարդալ։ Վստահելով երիտասարդին՝ ստորագրեցի։ Հետո պարզվեց, որ այդ ամենի մեջ բազմաթիվ իրավական, կազմակերպչական եւ այլ հարցեր ու խնդիրներ կան, որոնցից ոչ միայն տեղյակ չեմ եղել, այլ չեմ էլ հասկանում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում խառնվել այդ ամենին։ Խնդրանքս է՝ պահի ազդեցության տակ արված ստորագրությունս չշահարկել, կամ համարել հետ կանչված»,- ասել է Մանսուրյանը։


Դիտարկմանը, որ իշխանություններն օպտիմալացման համատեքստում թատրոնների միավորման, փակման որոշում են կայացրել, «Գոյ» թատրոնի դերասանները, մեծ թվով մտավորականներ դեմ են, որ այդ ճակատագրին արժանանա այս թատրոնը, և հարցին՝ ինչո՞ւ է հրաժարվում ստորագրությունից, կոմպոզիտորը ասել է․ «Ես ոչ հասկանում եմ, ոչ էլ գիտեմ, թե օպտիմալացման նպատակը որն է, ով է այդ գործը անողը։ Վերջերս ես առհասարակ ձայն չեմ հանում, որովհետեւ դրանից լավ բան դուրս չի գալիս։ Անմիջապես այս կամ այն կողմում հայտնվում եմ մարդիկ, որոնց հետ ես չեմ ուզի առնչություն ունենալ։ Այսպիսով ստացվում է, որ ես հայտնվում եմ հարձակումների, մեղադրանքների տակ։ Ես 85 տարեկան եմ, եւ առհասարակ ոչ մի բանի մեջտեղում չկամ։ Իմ հեռուստացույցը ինչ որ ինձ ասում է, ես լսում ու այդքանով էլ բավարարվում եմ»։