Չեչնիայում բոլոր երաժշտական, վոկալային և խորեոգրաֆիկ ստեղծագործությունները պետք է համապատասխանեն րոպեում 80-ից 116 հարվածի տեմպին: Այս մասին ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության մշակույթի նախարար Մուսա Դադաեւը, փոխանցում է Grozny-inform-ը։
Տեղի մշակույթի նախարարության ղեկավարի խոսքով՝ որոշումը համաձայնեցվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ։ Այն ընդունվել է չեչենական երաժշտական, վոկալային և խորեոգրաֆիկ ստեղծագործությունների համապատասխանությունը չեչենական մտածելակերպին պահպանելու նպատակով։
«Չեչենների երաժշտական մշակույթը տեմպով և մեթոդաբանությամբ բազմազան էր։ Մենք պետք է ժողովրդին և մեր երեխաներին հասցնենք չեչեն ժողովրդի մշակութային ժառանգությունը՝ սովորույթները, ավանդույթները, չեչենական բնավորության առանձնահատկությունները»,- մեջբերում է գործակալությունը Դադաևին։
Դադաևը գլխավորել է Չեչնիայի մշակույթի նախարարությունը այն բանից հետո, երբ Չեչնիայի ղեկավարի ավագ դուստրը՝ Այշատ Կադիրովան, ով նախկինում զբաղեցնում էր այդ պաշտոնը, դարձել է հանրապետության կառավարության նախագահի տեղակալ՝ սոցիալական գծով։