Էկվադորի ոստիկանությունը գործողություն է իրականացրել Մեքսիկայի դեսպանատան մոտ։ Այս մասին «X» հարթակում հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Ալիսիա Բարսենան։ Նա նշել է, որ գործողության ընթացքում վիրավորվել են մեքսիկացի դիվանագետներ։
«Հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտումը և Էկվադորում մեքսիկացի դիվանագիտական անձնակազմի կրած վնասվածքները՝ Մեքսիկան հայտարարում է Էկվադորի հետ դիվանագիտական հարաբերությունների անհապաղ դադարեցման մասին»,- ընդգծել է նախարարը։
Նշենք, որ Մեքսիկայի դեսպանատան վրա ոստիկանական հարձակման պատճառը եղել է նշված շենքում կոռուպցիայի մեջ մեղադրվող Էկվադորի նախկին փոխնախագահ Խորխե Գլասի թաքնվելը։
Ոստիկանության տվյալներով՝ Մեքսիկան մտադիր էր քաղաքական ապաստան տրամադրել դեսպանատան շենքում ապաստանած Գլասին։ Այս փաստը հաստատել է նաեւ Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
Էկվադորի կառավարությունը պաշտոնապես անօրինական է անվանել Մեքսիկայի այս քայլը։ Հաղորդվել է, որ Խորխե Գլասին պետք է հանձնել իրավապահ մարմիններին ու դատարան բերել։
Նշենք, որ նախկին փոխնախագահը հիշյալ մեղադրանքում մեղավոր է ճանաչվել և 2017-2022 թվականներին իր կյանքը անցկացրել է բանտում։