Հետևեք մեզ։

Ոստիկանության Մասիսի բաժնում քաղաքացիներ են խոշտանգվել, նախաձեռնվել է քրեական վարույթ

13:13, 06 ապրիլ 2024
Ոստիկանության Մասիսի բաժնում քաղաքացիներ են խոշտանգվել, նախաձեռնվել է քրեական վարույթ

Փաստաբան Հրանտ Դադոյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի մասին։

«ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ՆՈՐ ԴԵՊՔ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ


2024 թվականի մարտի 28-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել, ապա՝ ձերբակալվել երեք անձինք (նախաքննության շահերից ելնելով տվյալներ չեն հրապարակվում):


Ոստիկանության աշխատակիցները մեր պաշտպանյալի՝ Ա.Է-ի գործողությունների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով խոշտանգել են Մ․Հ.-ին և Հ․Է.-ին: 


Դաժան ծեծի արդյունքում ոստիկանության ծառայողը կոտրել է Մ․Հ.-ի ձեռքը, իսկ մյուս ոստիկանի հարվածի հետևանքով վնասվել է Հ․Է.-ի ականջը: 


Հիշյալ անձինք ձերբակալումից ազատվելուց հետո դիմել են բուժհաստատություն և ստացել համապատասխան բուժօգնություն։ 


Խոշտանգման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել՝
ՀՀ ԱԱԾ Տնօրենին, 
ՀՀ ՆԳՆ Նախարարին, 
ՀՀ գլխավոր Դատախազին, 
ՀՀ քննչական կոմիտե Նախագահին 
Մարդու իրավունքերի Պաշտպանին։


Դեպքի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ։


Օբյեկտիվորեն ակնկալվում է, որ իրավապահ մարմինները հիշյալ դեպքին խստագույնս կարձագանքեն՝ կոնկրետ քրեաիրավական գնահատականներով:


Գրությանը կից տեղադրվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնում խոշտանգված անձանց լուսանկարներից»,- գրել է փաստաբանը։

 

Մեկ այլ փաստաբան՝ Ռազմիկ Բաղդասարյանը ևս հանդես է եկելո վերոնշյալ դեպքի վերաբերյալ գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև․

 

 

«Խոշտանգման դեպք է տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն Մասիս բաժնում։ 


2024 թ․ Մարտի 28-ին ժամը 16։30-ի սահմաններում Մասիս քաղաքի գերեզմանատանը բանվորական աշխատանքներ կատարելու ժամանակ Մասիս քաղաքի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել, այնուհետև ձերբակալվել իմ վստահորդներ՝ Է․Հ-ն և Հ․ Մ-ն։


Վերջիններս դաժան ծեծի են ենթարկվել նույն բաժնի աշխատակիցների կողմից։


Է․Հ․-ն ստացված վնասվածքների արդյունքում ունի ձախ ականջի պատռվածք և կապտուկներ մարմի տարբեր հատվածներում։


Հ․Մ-ն ոստիկանության աշխատակիցների խոշտանգման արդյունքում ստացել է ձախ ձեռքի կոտրվածք, այդ թվում նաև վնասվածքներ՝ մարմնի տարբեր հատվածներում։


Ոստիկանության աշխատակիցները քրեական վարույթով մեղադրյալ հանդիսացող անձի գործողությունների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով անմարդկային ձևով խոշտանգել են Մ․Հ.-ին և Հ․Է.-ին: 


Խոշտանգման դեպքի վերաբերյալ ներկայացվել են համապատասխան հաղորդումներ, ՀՀ Քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։