Հետևեք մեզ։

Երբևէ նման հանդիպում տեղի չէր ունեցել Հայաստանի հետ հարաբերությունների առումով․ Միրզոյանը՝ Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինկեն հանդիպման մասին

23:22, 06 ապրիլ 2024
Երբևէ նման հանդիպում տեղի չէր ունեցել Հայաստանի հետ հարաբերությունների առումով․ Միրզոյանը՝ Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինկեն հանդիպման մասին

Ապրիլի հինգին կարևոր հանդիպում տեղի ունեցավ, և եթե հիշողությունս չի դավաճանում, երբևէ նման հանդիպում տեղի չէր ունեցել Հայաստանի հետ հարաբերությունների առումով։

Այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի՝ Փաշինյան-Բլինկեն-ֆոն դեր Լայեն հանդիպման մասին հարցին։

«Այս հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման համատեքստում։ Սա ոչ սկիզբն էր, և ոչ էլ ամենևին ավարտը։ Մենք սերտացնում ենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Համատեղ հայտարարությամբ բավականին հստակ ուղղություններ են նշվում, որոնք չափազանց կարևոր են մեզ համար․ սկսելով՝ ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սատարումից, որն ամենակարևոր քաղաքական հայտարարությունն է, որի կարիքն իսկապես ունենք, շարունակելով ժողովրդական բարեփոխումներին աջակցություն հայտնելը և շարունակելով մյուս ուղղությունները՝ էնեգետիկ, տնտեսական ,ատոմային էներգիայի և այլն»,-ասաց Միրզոյանը։

Դիտարկմանը, թե շատ է խոսվել Հայաստանի դիմակայության մասին, ի՞նչ է այն նշանակում, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Տեսեք, ներկայիս աշխարհում, միջազգային աշխարհաքաղաքական գործընթացները բոլորիս աչքի առաջ են, դրանք երբեմն քաոտիկ են, երբեմն անկանխատեսելի հետևանքներ ունեն, և մարտահրավերները, որոնք կան ՀՀ-ի համար և ոչ միայն, դրանք բավականին լուրջ են։ Եվ ՀՀ-ն ամրագրված և ապահովագրված չէ զանազան ռիսկերից, այդ թվում և տնտեսական։ Եվ այս անկանխատեսելիության պայմաններում պետք է վերլուծություն անել տնտեսական անվտանգության բաղադրիչի, օրինակ պարենային անվտանգության մասին, ինչի մասին խոսք կա համատեղ հայտարարության մեջ»։