Հետևեք մեզ։

Կարծում եմ՝ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդագրին․ Մհեր Սահակյանը՝ իր դեմ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ դատախազության միջնորդագրի մասին

17:19, 11 ապրիլ 2023
Կարծում եմ՝ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդագրին․ Մհեր Սահակյանը՝ իր դեմ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ դատախազության միջնորդագրի մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողովում զեկուցում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական վարույթ նախաձեռնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ իր միջնորդությունը։

 

Հիշեցնենք, Մհեր Սահակյանի դեմ քրեական հետապնդում սկսելու անհրաժեշտություն առաջացել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանի կողմից ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հարվածելու և նրան մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ։

 

Գլխավոր դատախազի ելույթից և նրա հետ հարցուպատասխանից հետո ելույթով հանդես եկավ նաև Մհեր Սահակյանը։ Նա հանգամանալից ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, և ինչ հանգամանքներում է ինքը դիմել նման գործողությունների։ Ապա, անդրադառնալով դատախազի միջնորդագրին, նա ասաց՝ բացարձակապես համաձայն չէ միջնորդագրում առկա այն մեղադրանքին, որ իր արարքներում առկա է խուլիգանության հանցակազմ։

 

«Տպավորություն է, որ մեղադրանքը կազմելիս Դուք, տիկին գլխավոր դատախազ, կարդացել եք բացառապես Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքը։ Ինձ մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ միջադեպից անմիջապես հետո իմ և փաստաբաններիս համար ակնհայտ է դարձել խուլիգանության հանցակազմ կիրառելու՝ Ձեր, վարույթն իրականացնող մարմնի ու քաղաքական իշխանության ձգտումը, սկզբում՝ խուլիգանության երրորդ մաս, որն աբսուրդ էր, այժմ՝ խուլիգանության առաջին մաս, որն իրականության հետ որևէ աղերս չունի։ Հավաստիացնում եմ Ձեզ, իմ արարքներում խուլիգանությունը՝ որպես օբյեկտիվ երևույթ և խուլիգանական դրդումը՝ որպես սուբյեկտիվ երևույթ, ի սպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է բացառապես անհրաժեշտ ինքնապաշտպանության նկատառումով»-ասաց Մհեր Սահակյանը։

 

Նա նորից շեշտեց, որ ինքը դիմել է անհրաժեշտ պաշտպանության, և եթե սահմանազանցվել է անհրաժեշտ պաշտպանությունը, ապա պատրաստ է պատասխան տալ դրա համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում։

 

«Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ՝ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»,-ասաց ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը: