Սլովակիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է խորհրդարանի նախագահ և «Ձայն» կուսակցության առաջնորդ Պետեր Պելեգրինին։ Նրա ընտրությունը կուժեղացնի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի իշխանությունը, ով դեմ է Կիևին ռազմական օգնության տրամադրմանը և հաճախ համաձայն է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ռուսական գնահատականների հետ:
Պելեգրինին ստացել է ձայների 53,26%-ը՝ արևմտամետ թեկնածու Իվան Կորկոկի 46,73%-ի դիմաց (հաշվարկվել է ձայների 99,66%-ը)։
Ֆիկոն անցած հոկտեմբերին չորրորդ անգամ հաղթեց Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում։ Նրա ընտրվելով երկրի արտաքին քաղաքականությունը դարձավ ավելի ռուսամետ։
Ֆիկոն նախաձեռնել է նաև քրեական օրենսդրության և լրատվամիջոցների բարեփոխումներ՝ մտահոգություն հայտնելով օրենքի գերակայության թուլացման վերաբերյալ, հիշեցնում է Reuters-ը։
Սլովակիայում գործադիր իշխանությունը պատկանում է վարչապետին, սակայն նախագահը իրավունք ունի վետո դնել օրենքների վրա և վիճարկել դրանք Սահմանադրական դատարանում։ Նախագահը նաև դատավորներ է նշանակում Սահմանադրական դատարանում, որոնք կարող են կարևոր դեր խաղալ, եթե Ֆիկոյի բարեփոխումները վիճարկվեն:
Մինչ Ֆիկոյի հաղթանակը Սլովակիան Ուկրաինայի ամենահավատարիմ դաշնակիցներից էր, այդ թվում՝ Կիև տեղափոխելով իր ՄիԳ-29 կործանիչների ամբողջ խմբաքանակը: