Ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ անհայտ հանգամանքներում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, ընկերների ուղեկցությամբ անհայտ հասցեից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և նա նաև վնասվածք ունի «կրծքավանդակի բեկորային հրազենի վիրավորում»։
Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Ս.-ն է, ում հիվանդանոց են տեղափոխել նրա ընկերները, ովքեր էլ հիվանդանոցում իրենց ընկերոջը փրկող բժիշկների նկատմամբ ագրեսիվ վարք են դրսևորել։
Ոստիկանները ժամեր անց պարզել են, որ նույն օրը 22:30-ից 22:50-ն ժամանակահատվածում Շիրակի փողոցի թիվ 35 շենքի բակում Երևանի բնակիչ 35-ամյա Մանուկ Պետրոսյանը իր մոտ եղած՝ դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել Ստեփան Ս.-ի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երևանում կրակոցներ են հնչել․ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com
22:40, 07 ապրիլ 2024