Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրված է մասնակցելու մայիսի 9-ից 13-ը Դուբայում կայանալիք Ֆիլմերի երաժշտության փառատոնին։ Սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ‚ կունենա 5 համերգ‚ որոնց ընթացքում կհնչեն հայտնի ֆիլմերի սիրված մեղեդիները։
Փառատոնի շրջանակներում մայիսի 9-ին և 10-ին համերգային երեկոներ կնվիրվեն իտալացի կոմպոզիտոր, «Օսկարի» կրկնակի և «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր, լեգենդար Էնիո Մորիկոնեի կինոերաժշտությանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և փառատոնի երգչախումբը կղեկավարի Մարիկոնեի որդին՝ դիրիժոր Անդրեա Մարիկոնեն։
Մայիսի 11-ին հրավիրված համերգը կրում է «Աստղային պատերազմներ» խորագիրը‚ որի ընթացքում կհնչի ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի գրած կինոերաժշտությունը։ Մայիսի 12-ին կհնչեն գերմանացի կոմպոզիտոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե Գլոբուսի» մրցանակակիր և «Գրեմի» մրցանակի եռակի դափնեկիր Հանս Ցիմերի՝ ֆիլմերի համար գրված մեղեդիները։ Այս երկու համերգները կղեկավարի Էնթոնի Գաբրիելը։ Իսկ մայիսի 13-ին կայանալիք համերգը կներկայացնի Չարլի Չապլինի ֆիլմերի երաժշտությունն ու ունկնդրին կփոխանցի համր կինոյի հմայքը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Թիմըթի Բրոքը։ Համերգները կկայանան Դուբայի օպերայում։