Հետևեք մեզ։

Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել. «Հրապարակ»

09:01, 09 ապրիլ 2024
Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բրյուսելից հետո Նիկոլ Փաշինյանը թեեւ չի հանդիպել ՔՊ-ական պատգամավորներին, իր տպավորությունների ու ոչ հրապարակային պայմանավորվածությունների մասին չի կիսվել նրանց հետ, քանի որ նախընտրել է շաբաթ-կիրակին ընտանիքի հետ անցկացնել, սակայն, հավանաբար, նազիր-վեզիրների միջոցով թիմին լուրեր են փոխանցվել, որ Հայաստանին տրվող ընդհանուր հաշվով մոտ 330 մլն աջակցությունը` 4 տարվա կտրվածքով, այսբերգի միայն երեւացող մասն է, խորքում եւս պրոցեսներ են ընթանում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել` հատկապես պաշտպանական ոլորտում ներդրումների, աջակցությունների մասին, որոնք առանց նախապայմանների չեն լինելու։

 

Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու լուրերով, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են իրենց, դրանով է պայմանավորված ՌԴ-ի դեմ իրենց վարած կոշտ քաղաքականությունը, սակայն բրյուսելյան հանդիպումն այլ բան ցույց տվեց, ինչից ՔՊ-ում զայրացած են։

 

Այդուհանդերձ, ՔՊ-ում խոսում են, որ կառավարությունը եւ նախեւառաջ բանակը, ռուսական ազդեցության գործիչներից, զինվորականներից «մաքրելու» պայման կա Արեւմուտքից, որը Փաշինյանը գուցե սկսի առաջիկա շաբաթներում իրականացնել:

 

Համենայնդեպս, երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարն արեւմտամետ «հուժկու» ռեֆորմներ է սկսել, որոնցից մեկը բանակի նոր կանոնադրության մեջ նախատեսվող փոփոխությունն է, որով «ուռա» բացականչությունը փոխարինում են «կեցցե» բառով, քանի որ ողջույնի «ուռա» ձեւը ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային բանակից ու ասոցացվում էր ռուսական բանակի հետ»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։