Հետևեք մեզ։

Իսկ եթե պատերազմ լինի, ինչու՞ ենք մենք միանգամից որոշում, որ մենք կարող է պարտվենք․ Սեյրան Օհանյան

12:04, 09 ապրիլ 2024
Իսկ եթե պատերազմ լինի, ինչու՞ ենք մենք միանգամից որոշում, որ մենք կարող է պարտվենք․ Սեյրան Օհանյան

Մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է սահմանազատումն ու սահմանագծումը և կրկին գնում են միակողմանի զիջումների։

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Առավել ևս, որ այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո հրաժարվել է ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդը լինելուց։ Իսկ այդ ժամանակահատվածում Տավուշի մատնանշված հողերը եղել են հայկական։ Դրանք հայկական հողեր են։ Դա միակողմանի պահանջ է, և սահմանազատումն ու սահմանագծումը ՀՀ իշխանությունները սկսել են վերջից։ Այդ գործընթացը հաջորդականություն ունի․ առաջինը՝ երկու թշամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ դառնում են հարևան պետություններ։ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, գործողությունները չեն խոսում այն մասին, որ իրենք ուզում են խաղաղ համակեցությամբ ապրել։ Երկրորդը՝ իրականացվում է սահմանազատում, դա իրականացվում է համապատասխան քարտեզների միջոցով։ Երրորդ, և եթե այդ ամենի շուրջ համաձայնության են գալիս՝ 1000 կմ ձգվող սահմանի շուրջ, իրականացվում է սահմանագծում,որը տարիների աշխատանք է։ Այդ ամենը չի արվել, Փաշինյանը հանդիպում է, և ասում՝ հողերը պետք է տանք, եթե չտանք՝ պատերազմ կլինի։ Փոխանակ համախմբի հայ ժողովրդին, ինքը գնում է այնտեղ, սկսում է վախեցնել՝ եթե չտանք, պատերազմ կլինի։ Իսկ եթե պատերազմ լինի, ինչու՞ ենք մենք միանգամից որոշում, որ մենք կարող է պարտվենք»,-ասաց Օհանյանը։

Նա նաև նշեց, որ դա բնակչության խնդիրն էլ չէ հողերի հարցը, պետք է անցնի բոլոր ընթացակարգերը, այլապես ապօրինի է։