Ողբերգություն է, երբ երկրիդ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները փրփուրները բերաններին փորձում են պնդել, որ ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները ադրբեջանական են։ Պետք է հստակ ասել, որ եթե Ադրբեջանը հարփակվի, դրա հրահրողն ու լեգիտիմացնողը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական մեծամասնությունն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը։
Անդրադառնալով հանդիպման մանրամասներին՝ Սաղաթելյանը նշեց, որ համոզվել են՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ չկան, կան Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող նոր կապիտուլյացիոն պայմաններ, որոնց այս իշխանությունը մտադիր է տեղիք տալ։
«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկիրը գտնվում է մի ուժի ձեռքում, որը շարունակելու է զիջումները, մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանք չկա։ Հայաստանը պատրաստ չէ դիմադրություն ցույց տալ, պատրաստ չէ սահմանազատման աշխատանքների և դա հիմնավորում են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջներով»,- նշեց Սաղաթելյանը: