Հետևեք մեզ։

Երուսաղեմում հայկական իրավունքները ոտնահարելու ցանկացած փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին. ՀՅԴ

17:52, 09 ապրիլ 2024
Երուսաղեմում հայկական իրավունքները ոտնահարելու ցանկացած փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին. ՀՅԴ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայության և պատրիարքության հազարամյա իրավունքների պատշպանության վերաբերյալ․

«Մտահոգությամբ հետևում ենք Հին Երուսաղեմի հայկական թաղամասում Իսրայելի ոստիկանության կողմից Երուսաղեմի հայ համայնքի և պատրիարքության իրավունքների ոտնահարման քայլերին։

Իսրայելի ոստիկանությունն այդ քայլերով աջակցում է զինյալ վերաբնակիչների և խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմի աշխատակիցների բռնություններին՝ խախտելով միջազգային և տեղական համապատասխան օրենքները։

Արդեն իսկ հայտարարել ենք՝ «հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառապես տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի»։ Բռնությունները պետք է դադարեցվեն, ինչպես նաև դրանց Իսրայելի ոստիկանության մեղսակցությունը։ Իսրայելի կառավարությունը հստակ կեցվածքով և քայլելով պետք է հարգի Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի իրավունքները։

Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար, այդ իրավունքները ոտնահարելու ցանկացած փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին։

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը, գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, շարունակում է իր բոլոր հնարավորություններով զորավիգ լինել Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իրենց հազարամյա իրավունքները»։