Հետևեք մեզ։

Նպատակս է հայ դասականների և ժամանակակիցների գործերը միշտ պահել օրակարգում․ Մանուշակ Շիրինյանն՝ ապրիլի 18-ին սպասվող իր ասմունքի երեկոյի մասին

18:46, 09 ապրիլ 2024
Նպատակս է հայ դասականների և ժամանակակիցների գործերը միշտ պահել օրակարգում․ Մանուշակ Շիրինյանն՝ ապրիլի 18-ին սպասվող իր ասմունքի երեկոյի մասին

Ապրիլի 18-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա ասմունքող Մանուշակ Շիրինյանի «Պոեզիայի արահետներով»   երեկոն, ինչի մասին էլ Hayastan.news-ը զրուցել է տիկին Շիրինյանի հետ․


-Տիկին Շիրինյան, Դուք հայտնել եք ասմունքի երեկոյի մասին․ սա Ձեր չորրորդ մեծ բեմելն է այս ձևաչափով։ Կտեղեկացնե՞ք, թե ինչ է սպասվում հանդիսատեսին։


-Այո, ճիշտ եք նկատել, այսպիսի ձևաչափով իմ չորրորդ բեմելն է։ Գրական երեկոն կրկին կրում է նույն խորագիրը՝ «Պոեզիայի արահետներով»։ Ծրագրում ոչ միայն դասականներն են, այլև ժամանակակից ստեղծագործողներ։ Սակայն, ինչպես արդեն իմ հանդիսատեսը ծանոթ է, երբեք ոչինչ չի կրկնվում։ Գործերը, որոնք ընտրել եմ, թեմատիկան, ամեն ինչ տարբերվում է նախորդներից։ Երաժշտական համարները՝ ևս։ Շատ փակագծեր չեմ ցանկանում բացել, բայց, վստահ եմ, որ հերթական անգամ իմ հանդիսատեը քայլելու է պոեզիայի արահետներով։ Հնարավորություն է ունենալու ասմունքի միջոցով հայ դասականների հետ վերստին առնչվելու, վերստին գեղեցիկի, սիրո հավերժական զգացմունքներով ապրելու:

-Տիկին Շիրինյան, ինչպես նշեցինք՝ սա չորրորդ մեծ երեկոն է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Ես վստահ եմ, որ դժվարություններ կան այդ ամենը կազմակերպելու մեջ։ Ինչպե՞ս եք իրագործում ձեր գաղափարները՝ սկսած ամենափոքր դետալներից մինչ երեկոյի ողջ կայացումը։


-Մեծ աշխատասիրության, սեփական ներդրումների, մեծ ցանկության շնորհիվ։ Նպատակս է տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, արագ իրադարձություններով լի աշխարհում իմ ներդրումն ունենալ հայ դասականների գործերը միշտ օրակարգում պահելու, նրանց մեծարելու, հիշելու, նրանց գործերը հանրությանն իմ ոճով ու իմ զգացածով փոխանցելու գործում։ Աշխարհը բարդ ժամանակաշրջան է ապրում, և ամեն ոք պետք է պահի և պահպանի իր ձեռագիրը, ամեն ոք պետք է կատարի իր աշխատանքը բարձր մակարդակով։ Մեր առօրյա խնդիրները բազմազան են, բայց մշակույթը հիմա, առավել քան երբևէ, մեծ ուշադրության կարիք ունի։ Բացի այդ, ասմունքն էլ է փոխում իր մատուցման ձևը, ժամանակակից դրսևորման տարրեր է պահանջում և ստանում, այնպես որ պետք է աշխատել ու չմոռանալ, ավելին՝ նորացնել, նոր երանգ տալ հայ մեծերի գործերին։ Աշխարհում ստեղծված ամեն արժեք իր տեղն ունի, և երբեք մեկը մյուսին չի փոխարինում, ասմունքը ևս անփոխարինելի է, այն էլ իր կարևոր և ուրույն տեղն ու դերն ունի։

-Այսինքն, կա՞ հանրություն, որն ունի այդ պահանջը։


-Իհարկե, միանշանակ։ Ես ակտիվ կապի մեջ եմ իմ արվեստի երկրպագուների հետ, նաև նման մասշտաբի միջոցաման կազմակերպումը խոսում է այդ մասին։ Գիտեք, երբ ամեն ինչ ազնիվ ես անում, երբ խնդիրը բովանդակությունն է, ոչ թե ձևը, մարդիկ գալիս են քեզ լսելու, մարդիկ ցանկանում են քեզ լսել։


-Տիկին Շիրինյան, հայտնի է, որ նախորդ տարվա աշնանը հայտարարել էիք ասմունքի երեկոյի մասին, սակայն տեղի չունեցավ, ինչու՞։

-Որքան էլ ես համարում եմ, որ մշակութային միջոցառումները պետք է շատ լինեն, կազմեն մարդկանց առօրյայի մասը, բայց այդ ժամանակ երեկոն տեղի չունեցավ պայմանավորված Արցախում տեղի ունեցած իրադարձություններով։ Չնայած, երեկոն նախատեսված էր հոկտեմբերի կեսերին, բայց դժվար էր այդ ժամանակ բեմ բարձրանալ, որքան էլ կարծում եմ, որ մշակույթը բոլոր իրավիճակներում անհրաժեշտություն է։ Պատճառը դա էր։

-Տիկին Շիրինյան, ինչպե՞ս կարող են ներկա գտնվել Ձեր երեկոյին։

-Այս անգամ ձևաչափը մի փոքր այլ է, նաև տոմս ձեռք բերելու հնարավորություն կա, տոմսերը վաճառվում են Toms.am—ում, մանրամասներին կարող են այդտեղ ծանոթանալ և ձեռք բերել։
Կարող եմ վստահեցնել , որ հրաշալի և աննախադեպ երեկո է սպասվում․․․

 

Անի Ասատրյան