Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ես և կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, 2022 թվականին արձանագրեցինք, որ ՀՀ անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, և մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել, և այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, տարածքը։ Միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա համոզվեցի, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է որոշիչ գործոն դառնալ մեր երկրի անվտանգությունն ապահովելու հարցում։ Այդ պահից մեկնարկեց մի գործընթաց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական ու պատմական Հայաստանի միջև»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ պատմական Հայաստանի վերաբերյալ տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը։