ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերն իր տեսաուղերձում անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը:
«Նախորդ շաբաթ Բրյուսելում ես վերահաստատեցի ԱՄՆ աջակցությունը Հայաստանին` ժողովրդավարական բարեփոխումների խորացման, տնտեսության ընդլայնման և լուսավոր ապագայի ձգտման հարցում»,- նշել է նա, փոխանցում է «Լուրերը»։
Փաուերը նկատել է, որ 2022թ. հետ համեմատած` ՀՀ տնտեսությանը գործակալության տրամադրած աջակցությունը կրկնապատկել է. աջակցությունը ներառել է գործնական դասընթացներ` կանանց և երիտասարդների համար, որպեսզի նրանք նոր տնտեսության մեջ դառնան ավելի մրցունակ։ Այն ներառել է նաև ՀՀ կառավարության հետ աշխատանք` ուղղված ներդրումային միջավայրը բարելավող նոր կարգավորումների ընդունմանը, ինչն էլ ուղղված է արտահանման և ներմուծման ուժեղացմանը։
«Այդ ամենը տալիս է իր պտուղները։ Ականատես ենք լինում ԱՄՆ և Հայաստանի միջև առևտրի աճին, որը միայն անցած տարի կազմել է 17%։ Ես հնարավորություն ունեցա վարչապետ Փաշինյանին տեղեկացնելու, որ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է ներդնել հավելյալ 33 մլն դոլար` այդ կարևոր առաջընթացն ամրապնդելու նպատակով։ ԱՄՆ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ն, ամերիկացի ժողովուրդը` մենք բոլորս, հանձնառու ենք` ցույց տալու, որ ժողովրդավարությունն ունենում է նշանակալից արդյունքներ»,- ասել է նա։