Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության հետ սույն թվականի մարտի 1-ին կայացած հանդիպման ժամանակ քննակվել է մի շարք հայտնի գործերի ձգձգումների մասին Դատական դեպարտամենտի նկարահանած տեսանյութը, որից հետո «Հայաստան» դաշինքն իր ընտրողների անունից խնդրել է նմանատիպ ուսումնասիրություն կատարել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին վերաբերող քրեական գործի մասով․ հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը․
Մեղադրանք-Արմեն Գրիգորյանը մեղադրվել է այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել:
Գործի ընթացք-29.06.2022թ. քրեական գործը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նույն օրը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:
Քրեական գործով առկա դատակոչի ցուցակում ներկայացված են եղել 1 մեղադրյալ, 8 վկա:
Սույն քրեական գործի տևողությունը առաջին ատյանում կազմել է 1 տարի 5 ամիս 19 օր, դատական նիստերը նշանակվել են միջինում յուրաքանչյուր 25 օրը մեկ անգամ:
Գործի ողջ քննության ընթացքում նշանակվել է 22 դատական նիստ, բնականոն ընթացքով կայացել են 20 դատական նիստեր և 2 դատական նիստեր «չեն կայացել» (նշված նիստերը «բացվել–փակվել են» կամ նիստի ընթացքում քննությանը օժանդակող գործողություններ չեն կատարվել):
Այսպես. դատական նիստերից մեկի «չկայացման» պատճառը եղել է դատախազի ծանրաբեռնվածությունը, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 18 օր ժամկետով, մյուս դատական նիստը «չի կայացել» պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի (աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով) և Արմեն Մաշինյանի (առողջական վիճակով պայմանավորված) պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 8 օր ժամկետով:
Այսպիսով, 1 տարի 5 ամիս 19 օր տևած գործի քննությունից «կորսվել է» 26 օր:
Հարկ է նշել, որ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հրապարակվել է վճիռը, որով մեղադրյալ Արմեն Միխայիլի Գրիգորյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (արարքի կատարման ժամանակ գործած ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով) նախատեսված հանցանքում և պատիժ չի նշանակել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ։
Վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 15.03.2024 թվականին մակագրվել դատական կազմին (նախագահող դատավոր՝ Սևակ Համբարձումյան, դատավորներ՝ Մ. Մելքոնյան և Լ. Հովհաննիսյան): 04.04.2024թ.-ին նշանակված դատականի նիստը չի կայացել նախագահող դատավորի՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացին մասնակցելու պատճառով) և հաջորդ դատական նիստը նշանակվել է 08.05.2024թ.:
Հարկ է ընդգծել նաև, որ սույն ուսումնասիրությունը, ինչպես նաև նախկինում Դատական դեպարտամենտի կողմից ուսումնասիրությունները վերաբերել են ողջամիտ ժամկետների պահպանմանը: Սակայն հաշվի առնելով, որ «Հայաստան» խմբակցության կողմից բարձրացվել է նաև Արմեն Գրիգորյանի՝ կալանավորման ընթացքում առողջական խնդիրներին վերաբերող հարցեր, ապա տեղեկացնում ենք, որ թե գործի քննության մինչդատական և թե դատաքննության փուլում դատարանին հայտնի չի եղել որևէ փաստ Արմեն Գրիգորյանի առողջական խնդիրների մասին. որևէ միջնորդություն կամ որևէ տեղեկատվություն որևէ փուլում դատարանին չի փոխանցվել:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստերի դահլիճում։