Հետևեք մեզ։

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության դեմ․ Մհեր Գրիգորյան

12:26, 11 ապրիլ 2024
ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության դեմ․ Մհեր Գրիգորյան

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավարի մասնակցությամբ, հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելը։ Հանդիպումից առաջ ֆոն դեր Լեյենը խոստացել էր առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին 270 միլիոն եվրոյի զարգացման աջակցություն հատկացնել, -հիշեցնում է ռուսական լրատվամիջոցը։

«Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին, այսօր գրեթե բոլոր երկրները նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ... Առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միության դեմ, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցերին, թե ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի՞ խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք երկիրը պատրաստվում է դուրս գալ այս ասոցիացիայից։