Հետևեք մեզ։

Ավազի մեջ կիսաթաղված «Porsche Cayenne» մեքենա են հայտնաբերել, կասկած կա, որ դրանով են հափշտակել 36 կգ ոսկին ու 293 մլն ռուբլին․ Shamshyan.com

12:33, 11 ապրիլ 2024
Ավազի մեջ կիսաթաղված «Porsche Cayenne» մեքենա են հայտնաբերել, կասկած կա, որ դրանով են հափշտակել 36 կգ ոսկին ու 293 մլն ռուբլին․ Shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի  մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել նախօրեին տեղի ունեցած դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոսկի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:

 

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են:

Ահազանգից անմիջապես հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մայթեզրին գտնվել են 3 անձ, որոնց ձեռքերին ամրակցված են եղել ձեռնաշղթաներ։ 

Արցունքաբեր գազ կիրառելով՝ երեքին էլ նստեցրել են ավտոմեքենան, հափշտակել բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և  պայուսակների մեջ  եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք, շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի: 

Հիշյալ 3 անձինք ճանաչվել են տուժող։ Հարուցված է քրեական վարույթ։