Հետևեք մեզ։

Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները ներկայացված են Վենետիկի Դոժերի պալատում բացված ցուցահանդեսին (լուսանկարներ)

12:41, 11 ապրիլ 2024
Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները ներկայացված են Վենետիկի Դոժերի պալատում բացված  ցուցահանդեսին (լուսանկարներ)

Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։


Ցուցահանդեսը նվիրված է իտալացի հայտնի ճանապարհորդ, վաճառական Մարկո Պոլոյի մահվան 700–ամյա տարելիցին: Ցուցահանդեսի շրջանակում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից և այլ երկրներից։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ցուցադրված են այնպիսի հոյակերտ նմուշներ, ինչպիսիք են՝ Անիից պեղված 13-րդ դ․ փայտյա փորագրազարդ գրակալներից մեկը, վագրի և հովազի մենամարտը պատկերող ոսկեթել հյուսվածքով մետաքսե գործվածքի պատառիկը, Անիից և Դվինից պեղված տարբեր գեղազարդումներով և պատկերներով ջնարակապատ ափսեներ, անոթներ, գավաթներ, ապակե հետաքրքիր նմուշներ, Սպիտակավոր եկեղեցուց իշխան Ամիր Հասանի որսի տեսարանով բարձրաքանդակը, Կիլիկյան Հայաստանի Լևոն II և Լևոն III արքաների արծաթյա դրամները և այլ խորհրդանշական նմուշներ։


Ցուցանմուշներն ուղեկցվում են «Երկու Հայաստանները և Մարկո Պոլոյի մուտքը Ասիա» և «Հայաստան՝ արքայի, գործվածքի, առևտրի և մշակույթի երկիր» խորագրերով բացատրական տեքստերով ու քարտեզներով, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին ճանապարհորդելու Մարկո Պոլոյի ժամանակների միջնադարյան հայկական աշխարհով։


Ցուցահանդեսը գործելու է մինչև 2024 թ. սեպտեմբերի 29-ը։