Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն, մինչդեռ երկու ժողովուրդների առնչությունների տարեգրությունն ունի հարյուրամյակների պատմություն, ինչն ամուր հիմք է, որի վրա այսօր խարսխված են երկու երկրների հարաբերությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» փորձագիտական համաժողովում այդ կարծիքը հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նա հույս հայտնեց, որ մասնագիտական տվյալ հարթակը հերթական ազդակը կլինի երկու երկրների միջև խորացող համագործակցության համար և հավելեց, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է փորձագիտական համայնքների կարծիքն ու դերակատարությունը Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության հետագա հեռանկարները բացահայտելու գործում:
«Հայաստանի և Վրաստանի փոխգործակցության առանցքն արժեհամակարգային նմանությունն է, որը միահյուսված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև օրենքի անվերապահ գերակայության նույնական ընկալումներով։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի միջև այս տարվա հունվարին ստորագրված ռազմավարական համագործակցության մասին հռչակագրում էական է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Օրակարգում է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հարցը»,- ասաց Հարությունյանը: