Հետևեք մեզ։

Մենք սերում ենք Կիլիկիայից, Հայկական բարձրավանդակից, Վանի թագավորությունից, բայց այսօրվա աշխարհին պետք է նայենք Վանի թագավորությա՞ն, թե ՀՀ աշտարակից․ Նիկոլ Փաշինյան

17:58, 11 ապրիլ 2024
Մենք սերում ենք Կիլիկիայից, Հայկական բարձրավանդակից, Վանի թագավորությունից, բայց այսօրվա աշխարհին պետք է նայենք Վանի թագավորությա՞ն, թե ՀՀ աշտարակից․ Նիկոլ Փաշինյան

 

Ես այսօր էլ եմ ասում, որ մենք սերում ենք Կիլիկիայից, Հայկական բարձրավանդակից, Վանի թագավորությունից, խնդիրը դրա մեջ չի, ավելի ճիշտ՝ խնդիրը դրա մեջ է։ Մենք այսօրվա աշխարհին պետք է նայենք Վանի թագավորության աշտարակի՞ց, թե ՀՀ աշտարակից։ Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց՝ սրանում է հայեցակարգային բանավեճը։

Փաշինյանը հիշեցրեց դահլիճում հնչած հարցերից մեկը․ «Շատ դիպուկ հարց հնչեց, ասեց՝ ինչպես կարող է որևէ տեղ լինել 7-րդ դարի եկեղեցի և մի քանի մետր այն կողմ՝ Ադրբեջան։ Իսկ ինչպե՞ս կարող է լինել 7-րդ դարի եկեղեցի և մի քանի մետր այնկողմ՝ Թուրքիա։ Որովհետև Խոր վիրապը գտնվում է մի տեղ, որտեղից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Հայեցակարգային բանավեճն այստեղ է․ մենք ընդունո՞ւմ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Ես ասում եմ՝ ՀՀ Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը ընդունում է, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ ՀՀ Կառավարության համար այս արձանագրումը անվտանգության ապահովման կարևոր միջոց է։

Երբ մենք ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկա, մենք ընտրում ենք պատմական Հայաստանը, երբ ասում ենք՝ կա, ընտրում ենք իրական Հայաստանը։ Նույն մոտեցումն է նաև Ոսկեպարի դեպքում։ Որովհետև երբ դու չես համաձայնվում դնել սահման քո և ուրիշի միջև, դու քեզ խառնում ես ուրիշին»,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ սա թող նացիստական չհնչի։