Հետևեք մեզ։

ԲՏԱ փոխնախարարը հրապարակել է Վանո Սիրադեղյանի մտքերը

23:35, 11 ապրիլ 2024
ԲՏԱ փոխնախարարը հրապարակել է Վանո Սիրադեղյանի մտքերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերում է արել Վանո Սիրադեղյանից․

«Ստորև բերված հրապարակախոսական հոդվածի հատվածում արտահայտած միտքը երկար տասնամյակների ճանապարհ անցավ մինչև քաղաքական ձևակերպմամբ հասավ երկրի գլխավոր քաղաքական դահլիճ.

«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից:
Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում:
Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի:
Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ:
Եվ հարյուրամյակներ շանունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:
Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ:
Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով` հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»»:
 
Նշենք, որ փոխնախարարը հրապարակումն արել է Փաշինյանի՝ պատմական-իրական հայրենիք դիլեմայի ֆոնին։