Հետևեք մեզ։

Կառավարությունը որոշել է azdarar.am կայքի միջոցով վարժական հավաքների ծանուցումը դարձնել հրապարակային

12:28, 12 ապրիլ 2024
Կառավարությունը որոշել է  azdarar.am կայքի միջոցով վարժական հավաքների ծանուցումը դարձնել հրապարակային

Կառավարությունը որոշել է պարտադիր զինծառայության զորակոչի, վարժական հավաքների ծանուցումը դարձնել հրապարակային։

Նշենք, որ այս պահին գործող օրենքով քաղաքացին համարվում է ծանուցված, եթե առկա է ծանուցագիրը ստանալու մասին նրա ստորագրությամբ ստացական։ Այս փոփոխությամբ՝ եթե չի հաջողվում ծանուցագիրը առձեռն փոխանցել քաղաքացուն, այն կուղարկվի նրա էլեկտրոնային հասցեով։

Այնուամենայնիվ, եթե այս տարբերակով էլ չստանա ծանուցագիրը և հետևաբար՝ չներկայանա զինկոմիսարիատ, Azdarar.am կայքում կհրապարակվեն տվյալներն ու ադ պահից 5 օր անց տվյալ անձը կհամարվի պաշտոնապես ծանուցված։

«Առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել․ ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստի միջոցով ծանուցման դեպքում ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ կամ քաղաքացու պաշտոնական էլ․ փոստով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում Azdarar.am-ում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը»,- մանրամասնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Օրինագիծն ուղարկվել է ԱԺ։