Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը հայտարարել է, որ Հարավային Կովկասը Իրանի անվտանգության գոտու կարևոր մասն է, որը միշտ պաշտպանելու է այս տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ Եվրամիության, ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի վերջին որոշումը Բրյուսելում ոչ մի դեպքում չի իրականացվի։
Ալի Աքբար Վելայաթին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հարավային Կովկասի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրի մասին ասել է. «Վերջին օրերին ԵՄ-ն և ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում հավաքվել էին Բրյուսելում և նոր բանաձև են ընդունել Հարավային Կովկասի տարածաշրջան ներխուժման և անօրինական միջամտության նոր պլանի նախապատրաստման մասին և ուղղակիորեն հայտարարել է, որ իրենք ցանկանում են միջամտել աշխարհի այս շատ զգայուն տարածաշրջանին, իբր խաղաղության խթանման նպատակով»:
Միջազգային հարցերով Գերագույն առաջնորդի խորհրդականն ընդգծել է. «Մինչդեռ նման գործողությունները ցույց են տալիս, որ այս տխրահռչակ խմբավորումը այլ նպատակ չունի, քան լարվածություն ստեղծել աշխարհի կարևոր մասերում և ռազմական ներկայության պատրվակ փնտրել»։
Վելայաթին նշել է. «Հարավային Կովկասի տարածաշրջանի զգայունությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ, և Իրանի Իսլամական Հանրապետության փառավոր պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մեր երկիրը միշտ եղել է կարևոր հենասյուն այս տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման գործում՝ հաշվի առնելով տարածաշրջանի երկրների իրավունքներն ու զգայունությունը»։
Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն ասել է. «Հարավային Կովկասը Իրանի անվտանգության գոտու կարևոր մասն է, որը միշտ պաշտպանելու է այս տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»։