2024 թվականի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում միջպետական արբիտրաժի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի առաջին պաշտոնական դատավարությունը՝ համաձայն «Եվրոպական վայրի բնության և բնական միջավայրերի պաշտպանության Բեռնի կոնվենցիայի»։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ առաջին արբիտրաժային գործընթացը Ադրբեջանն սկսել է 2023 թվականի հունվարի 18-ին՝ հիմնվելով «Հայաստանի կողմից շրջակա միջավայրի համատարած ոչնչացման վերաբերյալ մեծ քանակությամբ ապացույցների վրա»։
«Մինչ օրս Հայաստանը շարունակում է վնասել մեր տարածքների կենսաբազմազանությանը և կենդանի բնությանը` աղտոտելով իր տարածքից Ադրբեջանի տարածք հոսող անդրսահմանային գետերը»,- նշում են Ադրբեջանում։
Արբիտրաժի շրջանակներում Ադրբեջանը դիմել է տրիբունալին՝ «խնդրելով Հայաստանին դադարեցնել Բեռնի կոնվենցիայի բոլոր շարունակական խախտումները և պահանջել ամբողջական փոխհատուցում շրջակա միջավայրի ոչնչացման համար»։