Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Սուրեն Մ.-ի վարած «Reno» մակնիշի և 28-ամյա Լիպարիտ Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Հրաչ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ Reno-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Ռադիկ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել այդ պահին վթարի վայրով անցնող ռազմական բժիշկներն ու քաղաքացիները, ապա ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մինչև վթարը նաև տեղի է ունեցել վրաերթ, որի հանգամանքները ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են։ «Opel»-ը խափանված է եղել, վարորդը կայանել է ավտոմեքենան ճանապարհի նշված հատվածում ու մինչ կփորձեր պարզել՝ ինչն է խափանման պատճառը, Reno-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել «Opel»-ին։