Հետևեք մեզ։

Ովքե՞ր են հաղթել ու ներառվել ՄԻԵԴ դատավորների ցուցակում. «Հրապարակ»

09:41, 13 ապրիլ 2024
Ովքե՞ր են հաղթել ու ներառվել ՄԻԵԴ դատավորների ցուցակում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը, մեր տեղեկություններով, արդեն կազմվել է։ Հարցազրույցի փուլ էին անցել փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք աղմկոտ գործերով փաստաբան է եղել, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ: Լիզա Գրիգորյանը, ով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը եւ իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

 

Ապրիլի 4-6-ը տեղի է ունեցել հարցազրույցների փուլը, եւ, մեր տեղեկություններով, հաղթող են ճանաչվել Հայկ Ալումյանը, Վահե Գրիգորյանը եւ Լիզա Գրիգորյանը։ Մեր աղբյուրն ասաց, որ հարցազրույցի ժամանակ ավելի պատրաստված թեկնածուներ են եղել, օրինակ՝ Աննա Մարգարյանը, սակայն իշխանության ընտրությունը կանգնել է այլ երեք անձի վրա։ Մեր տեղեկություններով, ՄԻԵԴ են ներկայացվել Վահե Գրիգորյանի, Հայկ Ալումյանի եւ Լիզա Գրիգորյանի անունները: Իմաստն այն է, որ ՄԻԵԴ-ն այլ ելք չունենա, քան Վահե Գրիգորյանին ընտրելը, որովհետեւ Հայկ Ալումյանի մասով կա շահերի բախում` նա շատ գործեր ունի ՄԻԵԴ-ում, Լիզա Գրիգորյանը թույլ թեկնածու է:

 

Մեզ հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ տեղյակ չէ արդյունքներից, իր տեղեկություններով՝ պաշտոնապես պետք է արդյունքներն ապրիլի 16-ին հրապարակվեն։ Ինչ վերաբերում է շահերի բախմանը, Ալումյանն ասաց, որ ոչ մի դատավոր որեւէ պարագայում չի կարող քննել մի գործ, որով ինքը ներկայացուցիչ է եղել, հետեւաբար՝ չի կարող շահերի բախում առաջանալ, ավելին՝ այժմ ՄԻԵԴ-ում կան շատ դատավորներ, որոնք նախկինում փաստաբան են եղել եւ Եվրադատարանում ներկայացուցչություն են իրականացրել»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։