Հետևեք մեզ։

Փրկարարի համար առաջնահերթը մարդու կյանքն ու առողջությունն է. անցկացվել են գործնական պարապմունքներ (տեսանյութ)

12:05, 13 ապրիլ 2024
Փրկարարի համար առաջնահերթը մարդու կյանքն ու առողջությունն է. անցկացվել են գործնական պարապմունքներ (տեսանյութ)

Ավտովթար, արգելափակված մեքենա և տուժածներ… Տարբեր իրավիճակներում փրկարարական աշխատանքների կազմակերպման և առաջին օգնության մոտեցումները տարբեր են, իսկ խնդիրը մեկը`փրկել կյանքեր: 


Փրկարարների եռօրյա վերապատրաստումների շրջանակում` ապրիլի 10-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են «Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում իրականացվող փրկարարական աշխատանքներ» թեմայով գործնական պարապմունքներ:


ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, կապիտան Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ «Շատ կարևոր են նմանատիպ վերապատրաստման դասընթացները, որովհետև Հայաստանում օր-օրի ավելանում են տրանսպորտային միջոցները, և դրան զուգահեռ՝ ավելանում են նաև վթարները: Այդ իսկ պատճառով կարևորվում է, որպեսզի մեր փրկարարները էլ ավելի կարողանան բարձրացնել իրենց հմտությունները, գիտելիքները: Տեսական դասընթացների ավարտից հետո իրականացվում են պարտադիր գործնական պարապմունքներ, որտեղ արդեն նման իրավիճակային պայմաններում խաղարկման սցենարներով կազմակերպվում են այսպիսի աշխատանքներ»: 


Սկզբում փրկարարները ստանում են անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգավորում, ծանոթանում խաղարկային իրավիճակներին, այնուհետև անցնում փրկարարական աշխատանքներին։  Ըստ սցենարի՝  կան վթարված մեքենաներ, տարբեր վնասվածքներով տուժածներ: Փրկարարների խնդիրն է գնահատել իրավիճակը, հատուկ տեխնիկայի ճիշտ օգտագործմամբ ազատել արգելափակված տուժածներին և ցույց տալ առաջին  օգնություն։


ՀՓՋ օղակի հրամանատար Հակոբ Հարությունյանն ասում է՝ «Այս ընթացքում շատ բան սովորեցինք:  Դասընթացները կարևոր են ավելի բարդ իրավիճակներ հաղթահարելու համար»:


Վերապատրաստման դասընթացին մասնակցում էր տարբեր ստորաբաժանումների 13 փրկարար: Դասընթացի նպատակն էր բարձրացնել փրկարարների պատրաստվածությունը, կատարելագործել համատեղ փրկարարական աշխատանքների կազմակերպչական և գործնական հմտությունները։ 


Վերապատրաստում անցած ծառայողներին տրվեցին հավաստագրեր։