Հետևեք մեզ։

Թակարդ է․ գյուղերից մարդկանց են ուզում ընդգրկել սահմանազատման հանձնախմբի մեջ, որ բոլոր դեպքերում ասեն՝ դուք եք մեղավոր․ Բագրատ Սրբազան Գալստանյան

17:49, 13 ապրիլ 2024
Թակարդ է․ գյուղերից մարդկանց են ուզում ընդգրկել սահմանազատման հանձնախմբի մեջ, որ բոլոր դեպքերում ասեն՝ դուք եք մեղավոր․ Բագրատ Սրբազան Գալստանյան

Ես այսօր խոսում եմ այստեղ որպես այս տարածաշրջանի հոգևոր առաջնորդ․ ինձ ասում են՝ քաղաքականութամբ եք զբաղվում, սրանով, նրանով, չեմ էլ ուզում այդ աբսուրդին անդրադառնալ։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք զբաղվում ենք մեր ժողովրդի կյանքով ճշմարտության և արդարության համար։ Եթե սրանից ավելի մեծ ու վեհ արժեք կա որևէ մեկի կյանքում, թող ասի այդպես։ Սա է իրականութունը։ Ինչքան ուզում եք սևացրեք, ասեք՝ շոու է անում, կապ չունի, դրանից ձեր հանցանքն ու ճշմարտությունը  չի փոխվում, բացարձակ չի փոխվում։

Այս մասին այսօր Ոսկեպարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Մեկ այլ բան․ ես այս պահին չեմ կարող ճշտել, եթե սխալ եմ՝ ուղղեք, բայց գաղափարը կա․ մեր գյուղերից՝ ոսկեպարցի, բաղանիսցի, ուզում են ընդգրկել, կամ արդեն ընդգրկել են միջպետական այս սահմանագծման, սահմանազատման հանձնախմբի մեջ, պետական հանձնախմբի մեջ, մտածեք սրա մասին, տեսեք ինչ թակարդ է դա, մերոնք էլ միամիտ-միամիտ երևի համաձայնել են։

Բայց, ոչ թե ընդգրկվում են, որոնք ցանկանում եմ, այլ նրանք, որոնց ընտրողությամբ նշանակվում են։  Ի՞նչ է թաքնված սրա տակ․ երբ մեր համագյուղացիները մասնակցում են այս գործին, վաղը հարցին ինչ-որ մի լուծում լինի և մենք ասենք՝ սա անընդունելի է, ասելու են՝ դուք արեցիք, գյուղացիները ներգրավել են, պատասխանատվությունը լինելու է այդ գյուղաիցների վրա։ Եթե չհամաձայնեն ու երաշխավորված կամ չերաշխավորված պատերազմ լինի, ասելու են՝ էլի դուք արեցիք, հանձնախմբի մեջ էիք, չհամաձայնեցիք, դրա համար պատերազմ եղավ։ Երկու դեպքում էլ դուք եք մեղավոր, էս մարդկանց գլխում այդպես է՝ սրբագրում, զղջում, գոյություն չունի, մեղավոր եք բոլորդ։ Իմացեք, բոլոր առումներով մեզ են մեղադրանք դնելու»,-ասաց հոգևորականը։

Նա նաև շեշտեց՝ ինչ խպատահեց մեր երկում՝ պատերազմ, արհավիրք,  մեղավոր են իշխանավորները՝ իրենց ղեկավարով հանդերձ։