Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 02:10-ի սահմաններում 33-ամյա Էրիկ Բաղդասարյանը իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթացել և բախվել բնակչի տան քարե պարսպին։
Բախման հետևանքով բեռնատարի բենզաբակից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք։
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը , ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ ու իրականացրել են հերթապահություն, մինչև բեռնատարի բենզաբակից պարունակության պարպումը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan X-Trail»-ի վարորդը ժամկետային զինծառայող է, ով օրինական արձակուրդի մեջ է եղել։
Պարեկային ծառայությունը պարզում է «MAN»-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև ստացված այն տեղեկությունը որ ևս մեկ ավտոմեքենա է վնասվել ու այդ վնասված մեքենայի մակնիշն ու վարորդի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ երբ «Nissan»-ը բախվել է «MAN» բեռնատարին, վարորդը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից ու տեղում տպավորություն է ստեղծվել, որ տեղի ունեցել վրաերթ։