Հունվարից Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի հայկական գերեզմանատունը հրկիզման թիրախ է դարձել, ընդհանուր վեց միջադեպի հետևանքով այրվել է 19 ծառ, այս մասին հաղորդում է Զարթոնք Մեդիան՝ հղում անելով KMPH Fox 26-ին։
Հաղորդվում է, որ ուրբաթ գիշերը Ֆրեզնոյի Արարատ հայկական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ութ ծառ է այրվել։ Ձերբակալվածներ չկան:
Գերեզմանատան խորհուրդը շատ մտահոգված է առ այն, որ բոլոր միջադեպերը ատելության նպատակաուղղված հանցագործություններ են:
Գերեզմանատունը բազմաթիվ հայ ականավոր գործիչների, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանի, Վիլյամ Սարոյանի, Վիկտոր Մաղաքյանի և այլոց ամփոփման վայրն է։
«Ինչպես կարող եք պատկերացնել, սա ահավոր վրդովեցուցիչ է տնօրենների խորհրդի, հայ համայնքի, իմ անձնակազմի և ինձ համար: Սա միակ հայկական գերեզմանոցն է Հայաստանից և Մերձավոր Արևելքից դուրս։ Մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին իրենց կարիքի պահին՝ վառ պահելով նաև այստեղ թաղվածների հիշատակը: Խորհուրդը, իմ աշխատակազմը և ես շատ լուրջ ենք վերաբերվում այս առաքելությանը: Անհնար է գնահատել, թե որքան տխուր է սա մեզ համար»,- ասել է գերեզմանատան գործադիր տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը:
Հրդեհները եղել են գերեզմանոցի ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին: Կան դարպասներ և կամարանցք, որոնք հստակ նշում են, որ այն հայկական է: Աղբյուրը նշում է, որ սա, ամենայն հավանկանույթամբ, կապված է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ։