Արդարադատության միջազգային դատարանում սկսվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված նախնական առարկությունների հիման վրա լսումները։
Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Ադրբեջանական կողմը գործընթացում ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը։
Նշենք, որ ապրիլի 15-19-ը Հաագայի Խաղաղության պալատը լսումներ կանցկացնի՝ հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի («Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի») կիրառման վերաբերյալ Ադրբեջանի կողմից բարձրացված նախնական առարկությունների վրա։
2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է սկսել Ադրբեջանի դեմ՝ նշված կոնվենցիան խախտելու մեղադրանքով։
2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրել է իր նախնական առարկությունները։
Նշվել է, որ լսումների առաջին փուլը, որտեղ կներկայացվեն բանավոր փաստարկներ, կանցկացվի ապրիլի 15-ին (Ադրբեջան) և ապրիլի 16-ին (Հայաստան), իսկ երկրորդ փուլը՝ ապրիլի 17-ին (Ադրբեջան) և ապրիլի 19-ին (Հայաստան):