Հետևեք մեզ։

Երեկվա դեպքի հետ կապված խնդիրներ ունենք, գործընթացը տեղի է ունեցել Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի շրջանակներում. Օհանյան

13:29, 12 ապրիլ 2023
Երեկվա դեպքի հետ կապված խնդիրներ ունենք, գործընթացը տեղի է ունեցել Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի շրջանակներում. Օհանյան

Իմ տեղեկություններով՝ խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումներ, ինժեներական կառույցների, սարքավորումների ընթացքում որոշակի բարելավումների իրականացման շրջանակում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեկ Տեղ գյուղում տեղի ունեցած մարտական գործողություններին:

 

Օհանյանի գնահատմամբ՝ կոնկրետ երեկվա դեպքի հետ կապված խնդիրներ ունենք. «Գործընթացը տեղի է ունեցել Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի շրջանակներում։ Ադրբեջանն իր այլընտրանքային ճանապարհը ժամանակից շուտ է կառուցել, ինչո՞ւ մեր իշխանությունները մեր հատվածը ժամանակին չեն կառուցել», - ասաց պատգամավորը։

 

Օհանյանը նշում է՝ եթե կա պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ին ճանապարհը պետք է պատրաստ լինի, դիրքային փոփոխություններ պիտի լինեն, ի՞նչ գործողություններ է պլանավորել հայկական կողմը։

 

«Ինչո՞ւ ժամանակին չի իրականացվել և՛ պլանավորումը, և՛ կազմակերպումը։ Որոշումներում, ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումներում իշխանությունները թերանում, ուշանում են» , - ասաց Օհանյանը։

 

Ըստ նրա՝ եթե իշխող ուժն անընդհատ սխալներ է թույլ տալիս, դա խոսում է այն մասին, որ հետևություններ չեն անում, անկարող են կամ միտումնավոր են անում։