«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի «ներաձուրիների» հավանական չեմպիոնության դեպքում, գրում է Armsport.am-ը։
Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանում Ա Սերիայի 32 տուրից հետո «Ինտերը» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 14 միավորով առաջ հաջորդ «Միլանից»։
«Ես չեմ սիրում դաջվածքներ և չէի անի դաջվածք՝ որպես սկուդետոն նվաճելու խորհրդանիշ։ Եթե չեմպիոն դառնանք, դա կմնա իմ գլխում և իտալական ֆուտբոլի պատմության գրքում։ Դա ինձ բավական է»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է Inter Xtra-ն:
Հենրիխը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։