Հետևեք մեզ։

Ճիշտ չէ պնդումը, որ ՌԴ-ն Հայաստանի պաշտպանող ուժն է․ Գերմանիայում ՀՀ դեսպան

00:49, 16 ապրիլ 2024
Ճիշտ չէ պնդումը, որ ՌԴ-ն Հայաստանի պաշտպանող ուժն է․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց է տվել «Լոյալ» անվտանգության քաղաքականության ամսագրի գլխավոր խմբագիր Անդրե Ուզուլիսին։ Խոսել է Հարավային Կովկասում անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումների և խաղաղության կառուցման թեմաներից։ Դեսպանությունը հարցազրույցը ներկայացնում է հակիրճ․
 
«Հայաստանի հասարակության համերաշխության և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով Հայաստան տեղահանված անձանց վերահաս խնդիրները և խուսափել վրանային ավաններից»,-ասել է Ենգիբարյանն արցախցիների վերաբերյալ։
 
«Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է միայն Ադրբեջանի քաղաքական կամքը։  Մեր տարածաշրջանում բարեկեցության միակ նախապայմանը խաղաղությունն է։ Խաղաղության հաստատման դեպքում վերջապես հնարավոր կլինի բացել սահմանները, ունենալ մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժ, որից կօգտվի նաև Ադրբեջանը, կբացվի Թուրքիա-Հայաստան սահմանը, որ շահութաբեր կլինի բոլորի համար»,-ասել է նա։
 
Խոսելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին, ըստ դեսպանի՝ երկրի խաղաղության օրակարգի կարևորագույն մասն է այն, այն կդառնա հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք առևտրատնտեսական կապի կարևոր մաս։
 
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին Ենգիբարյանն ասել է․ «ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց այն նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է և վերջինիս վաճառել է միլիարդավոր դոլարների սպառազինություն սկսած 2011թ. -ից, ինչը այդպես չէ Հայաստանի դեպքում։ Այս իմաստով ճիշտ չէ պնդումը, որ ՌԴ-ն Հայաստանի պաշտպանող ուժն է։ ՀԱՊԿ-ը Հայաստանին ոչ միայն չաջակցեց ռազմական առումով, այլև քաղաքական առումով, դա է պատճառը, որ մեզ մոտ լուրջ հարցեր կան կառույցի իմաստալիության առումով»։
 
 ԵՄ քաղաքացիական առաքելությունը դրական դերակատարություն ունի տարածաշրջանում, այս թեմայով նշել է նա։
«Գերմանիայից, իբրև ԵՄ ամենամեծ պետություն, ակնկալում ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում գործուն ջանքեր։ Մեզ համար կարևոր է նաև Գերմանիայի ազդեցությունը որպես Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեցող պետություն»,-ասել է նա։