Հետևեք մեզ։

Հարցն այն չէ՝ ով ինչ կկորցնի, ՀԱՊԿ-ին մասնակցությունն արտոնություն է. գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի մասին

18:02, 16 ապրիլ 2024
Հարցն այն չէ՝ ով ինչ կկորցնի, ՀԱՊԿ-ին մասնակցությունն արտոնություն է. գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի մասին

«Սառեցում» հասկացությունն արտացոլված չէ ՀԱՊԿ փաստաթղթերում, ուստի մենք այն չենք օգտագործի ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս մասին News.ru-ին տված հարցազրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար  Իմանգալի Տասմագամբետովը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքապան ղեկավարության հայտարարություններին։

«Հայաստանն իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունեության շրջանակը որպես կազմակերպության անդամ, սակայն, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով։ Նույն մակարդակով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունից։ Եվ այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի մեր ասոցիացիայի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար»,-ասել է նա։

Հարցին՝ ինչ կկորցնի կազմակերպությունը, եթե Հայաստանը դուրս գա, գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Հարցն այն չէ, թե ով ինչ կկորցնի։ Խնդիրը բոլորովին այլ բան է։ Նման դաշինքին մասնակցությունը արտոնություն է, որի շնորհիվ խելամիտ մոտեցմամբ մասնակիցը հնարավորություն է ստանում լիարժեքորեն ապահովել ազգային անվտանգությունը։ Հատկապես, եթե երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մարտահրավերներն ու սպառնալիքները տեղական վերլուծաբանների կողմից հաճախ գնահատվում են որպես էքզիստենցիալ»։