Հետևեք մեզ։

Եթե չբացահայտվեն երիտասարդին խոշտանգելու դեպքի մանրամասները և չպատժվեն ոստիկաններն ու բանդան, ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Ժաննա Ալեքսանյան

10:45, 17 ապրիլ 2024
Եթե չբացահայտվեն երիտասարդին խոշտանգելու դեպքի մանրամասները և չպատժվեն ոստիկաններն ու բանդան, ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձել է ՔՊ-ականի գործով ձերբակալված Սամվել Վարդանյանի խոշտանգելու դեպքին.

«Այսուհետ պիտի իմանանք, որ ոստիկանության բերման ենթարկելը ուղեկցվելու է նաև դիմակավորված բանդիտական խմբերի ուղեկցությամբ, նախ ՔՊ-ական հաշվեհարդար։ Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած վեճից հետո։ Այսպիսի բանդիտական խմբերի մասին մեզ հայտնի է դարձել մարտիմեկյան դեպքերի ժամանակ, որոնք այդպես էլ չբացահայտվեցին։ Փաստորեն, ներկա իշխանությունը գործում է նույն մեթոդներով։

«...ամբողջովին սև հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, թքում են նրա վրա, այնուհետեւ հանում են նրա վրայից տաբատը, եւ ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում․․․», պատմել է խոշտանգված երիտասարդի  փաստաբանը։ Եթե չբացահայտվեն այս դեպքի բոլոր մանրամասները և չպատժվեն ոստիկաններն ու բանդան, ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա»: